Ըստ որոշ լուրերի, վերջին օրերին իր սկանդալային վարքով հայտնի ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մտադիր է մեղքերը քավել հայերի առջեւ:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ խոսակցություններ կան, թե Ֆիլիպ Կիրկորովը համերգներով հանդես գալու ցանկություն է հայտնել եւ ավելին՝ ընդունել է, որ ժամանակին Երեւանում իրավունք ունեին բոյկոտելու իր համերգը, քանի որ ինքը մեղանչել է իր արմատների եւ հայության դեմ: Այնպես որ, երեւի, պոռթկումներն, իրականում, օգտակար են եղել Կիրկորովի հոգեկան առողջության համար:
Հիշեցնենք, որ Կիրկորովը վերջերս Իսրայելի հոգեբուժական կլինիկայում հետազոտվել է եւ, երեւի, արդյունքներն այնքան էլ մխիթարական չեն եղել, որովհետեւ Ֆիլիպն ամենուրեք հայտնվում է իր փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկու հետ, որպեսզի տհաճ պատմությունների մեջ ընկնելիս փաստաբանը կարողանա իրավիճակը «սրբագրել»: Ինքը՝ Ֆիլիպը խոստովանել էր. «Երեւի ես լրջորեն հիվանդ եմ, տարվա մեջ երկու անգամ ես այսպիսի նոպաներ եմ ունենում»: Կիրկորովի հետ բավականին լավ հարաբերություններ ունեցող բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հոբելյանական երեկույթին նույնպես նա ներկայացել է փաստաբանի հետ, վախենալով, որ ագրեսիան կարող է չխնայել անգամ մտերիմ ընկերուհուն:
Հայ հասարակությունը հատկապես կարող է ուրախ լինել, որ ամեն ինչ անցել է առանց միջադեպերի, որովհետեւ պատկերացնում ենք՝ ինչ կլիներ, եթե Ֆիլիպն իրեն չկարողանար զսպել եւ երեկույթը տապալվեր: Հաստատ դրան կհետեւեր շատ լուրջ «ռազբոռկա», որովհետեւ բալետային արվեստի երկրպագու, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը չէր հանդուրժի նման բան եւ կստացվեր, որ մոսկովյան վերջին արյունալի դեպքերը կզարգանային «Տիգրանն ընդդեմ Ֆիլիպի» ուղղությամբ:




























