Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կարծում է, որ Կարսում, իրականում, Չարենցի տուն գոյություն չունի, անգամ նրա տան թաղամասն էլ չկա: «Դա ընդամենը քրդերի համար փող աշխատելու լավագույն միջոց է` իրականում Չարենցի տուն գոյություն չունի»,- այսօր` դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հուշարձանագետը:
«Երբ 2000-ին Կարս էի գնացել, ինձ մի կիսավեր տուն ներկայացրեցին` հավաստելով, որ այն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունն է: Մի առիթով Կարսում էի նաեւ վերջերս ու կրկին մի տուն ցույց տվեցին` որպես Չարենցի տուն: Հետաքրքիր մի բան ստացվեց. որպես Չարենցի տուն` ինձ բոլորովին տարբեր տներ էին ներկայացել»,- պատմեց հուշարձանագետը` հավելելով, որ քրդերը այնքան խորամանկություն չունեն, որ գոնե նույն տան վրա կենտրոնանան:
«Նույնիսկ Ստամբուլից տունը գնողներ են եկել, քրդերն էլ իրենց հերթին գներ են սկսել թանկացնել»,-նշեց Ս, Կարապետյանը:





























