Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Մոսկվայում ծայրահեղականների կողմից կազմակերպված զանգվածային անկարգությունները:
«Պետք է կանխել ծայրահեղականության դրսեւորումները բոլոր կողմերից, որտեղի էլ դրանք բխեն: Չի կարելի ընդհանուր ներկով ներկել ոչ կովկասցիներին, ոչ այլ ազգությունների ներկայացուցիչներին, թեեւ նման ազգություն՝ կովկասցի, գոյություն չունի: Ընդհանրապես չի կարելի բոլորին ներկել մի գույնով: Բայց պետք է խստորեն կանխել ցանկացած ծայրահեղական դրսեւորում»,- ասել է վարչապետը «Զրույց Վլադիմիր Պուտինի հետ. Շարունակություն» հաղորդման ընթացքում:
Ըստ վարչապետի՝ հանրությունը, «հատկապես ազատական հանրությունը», պետք է հասկանա՝ կարգուկանոն պետք է լինի: «Մենք շատ եւ արդարացիորեն քննադատություն ենք հնչեցնում իրավապահ մարմինների հասցեին: Իզուր չէ, որ լուրջ բարեփոխումներ են նախանշված»,- ասել է նա ու շարունակել, որ իրավապահ մարմինները կարեւոր գործառույթ են իրականացնում եւ «չի կարելի բոլորին իջեցնել պլինտուսից ցածր»: Այլապես, ըստ վարչապետի, մտավորականությունը ստիպված կլինի «սափրել մորուքներն ու սաղավարտ հագնել՝ հրապարակում պայքարելու արմատականների դեմ»:«Կարծում եմ, որ դա վատագույն տարբերակն է»,- հավելել է Պուտինը:




























