Դաշնակցության կողմից Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանի բոյկոտը արդյունավետ եւ իրավիճակին համապատասխանող քաղաքական քայլ էր այն իմաստով, որ ՀՅԴ-ն, այդկերպ, ցույց տվեց իր դժգոհությունը կառավարության աշխատանքի մեթոդների նկատմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական պատգամավոր Հրայր Կարապետյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարսիա Ալավերդյանի խոսքերը, թե լքելով դահլիճն առանց պայքարի, ՀՅԴ-ն դաշտը թողնում է իշխանություններին:
Կարապետյանի խոսքով, կառավարության համար ավանդական է դարձել աշխատանքի նման մեթոդը, երբ տոների նախօրեին փորձում են արագ անցկացնել շատ կարեւոր օրենքներ, ընդ որում՝ առանց համապատասխան քննարկումների:
«Հենց այդ պատճառով էլ ՀՅԴ-ն որոշում կայացրեց գրավոր կարգով դիմել Ազգային Ժողովի նախագահին եւ կառավարությանը, որպեսզի օրակարգը վերանայվի: Նաեւ մենք առաջարկեցինք օրակարգից հանել որոշ հարցեր եւ քվեարկել որոշների օգտին միայն առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցումն անցկացնել ավելի ուշ, որպեսզի պատգամավորներին հնարավորություն տանք հանգամանալից ծանոթանալ օրենքների հետ եւ քննարկել դրանք»:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշմանն այդ հարցում, Ըստ Կարապետյանի, «դեռ մեծ հարց է, թե որ մեթոդն է ավելի արդյունավետ, խորհրդարանի նիստի բոյկո՞տը, թե՞ նիստին ներկա լինելը՝ ընդդիմության պատրանք ստեղծելու համար: Հենց այդկերպ էլ վարվում է «Ժառանգությունը»՝ լեգիտիմ դարձնելով այդ օրենքների քննարկումն ու քվեարկությունը»:
Նա նաեւ կարծիք է հայտնել, թե որոշ պատգամավորների թվում է, որ իրենց անվերջ ելույթները՝ հիմնականում նույնաբովանդակ, կարող են փոխել գործընթացը, միաժամանակ նշելով, որ ՀՅԴ-ն նման կարծիքի չէ:
Հարցին,թե ո՞րն է կառավարության նման վարքի պատճառը, Կարապետյանը պատասխանել է, թե այստեղ միտում կա, այլապես կարելի էր այդ օրինագծերն ավելի վաղ ներկայացնել՝ մշտական հանձնաժողովներին քննարկելու հնարավորություն տալով, առավել եւս որ դրանք տնտեսությանն առնչվող շատ կարեւոր օրենքներ են: «Սխալ է տարվա վերջին հընթացս օրակարգում ընդգրկել մեծաթիվ օրինագծեր՝ օգտվելով նախատոնական մթնոլորտից: Հենց դա էլ ՀՅԴ-ի բոյկոտի հիմնական պատճառն է»,- ասել է նա:
Նա նաեւ մասամբ համաձայնել է Լարիսա Ալավերդյանի կարծիքին, թե կառավարությունը անհարգալից վերաբերմունք է դրսեւորում խորհրդարանի նկատմամբ:




























