Այս տարի դեկտեմբերի 18-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Տոնի առթիվ Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Էջմիածնի գանձատնից Արարատյան հայրապետական թեմի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ս. Հակոբ եկեղեցի կտեղափոխվի Սքանչելագործ Հակոբ Մծբնա Հայրապետի Ս. Մասունքը:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ այդ օրը Հակոբ անունը կրող անձանց անվանակոչության օրն է եւ տոնը Հակոբյան գերդաստանների:

Տոնի առթիվ Ս. Հակոբ եկեղեցում տոնական Ս. Պատարագ կմատուցի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Կկատարվի պատարագ եւ Հակոբ անունը կրող եւ Հակոբյան գերդաստանների օրհնության արարողություն:

Նշենք, որ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետը հիվանդություններից եւ փորձություններից պահպանության բարեխոս է համարվում: