Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 16-ին լրացրել եւ փոփոխել է օտարերկրյա պետությունների բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը։

Սահմանվել է, որ կառավարության անհատական որոշումներով տարկետում ստացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության կարգը հաստատում է կրթության եւ գիտության նախարարությունը` համաձայնեցնելով պաշտպանության եւ ԱԳ նախարարությունների հետ:

Տարկետում ստանալու համար կարող են դիմել.

1.բակալավրիատի կրթական ծրագրերով ընդունված  ՀՀ քաղաքացիները` հայտարարված պարտադիր զինվորական ծառայության գարնանային եւ աշնանային զորակոչից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ,

2.մագիստրատուրայի կամ հետբուհական կրթական ծրագրերով ընդունված  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` մինչև հայտարարված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ավարտը:

Սույն կարգի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար  ներկայացված դիմումները ենթակա են մերժման այն դեպքում, եթե  զորակոչից խուսափելու հիմքով քաղաքացու նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։

Տարկետում տրվում է ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար` մինչեւ օտարերկրյա պետության բարձրագույն  ուսումնական  հաստատության կողմից տրված ուսումնառության ժամկետի ավարտի օրը։

Ուսումնառության ընթացքում համապատասխան ուսումնական հաստատությունից հեռացված կամ ազատված, ինչպես նաեւ անբավարար առաջադիմության պատճառով նույն կուրսում մնացած քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը եւ ենթակա է զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով։