Նիկարագուան եւ Աբխազիան դիվանագիտական հրաբերություններ հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Նիկարագուայի մայրաքաղաքում երկու երկրների ներկայացուցիչները պայմանագիր են կնքել նաեւ ԱԳՆ-ների միջեւ մշտական խորհրդակցությունների անցկացման մասին:
Երկու երկրների միջեւ համաձայնագիրը կնքվել է Աբխազիայի պատվիրակության Նիկարագու այցելության ընթացքում, որը գլխավորել է Աբխազիայի ԱԳ փոխնախարար Մաքսիմ Քվինջիան: «Այս փաստաթղթերն ունեն շատ կարեւոր նշանակություն երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման համար եւ թույլ են տալիս դրանք լցնել որոշակի բովանդակությամբ»,- հայտարարել է Նիկարագուայում ՌԴ դեսպան Իգոր Կոնդրաշովը:
Իր հերթին Քվինջիան նշել է, որ Նիկրագուան առաջին երկիրն է Լատինական Ամերիկայում, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Աբխազիայի հետ: «Նա դարձավ երկրորդ երկիրը Ռուսաստանից հետո, որ գնաց նման քայլի»,- ասել է փոխնախարարը, հավելելով, որ Նիկարագուա այցելությունից հետո ուղեւորվելու է Վենեսուելա, որտեղ նույնպես սպասվում է նմանատիպ համաձայնագրի ստորագրում:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Ռուսաստան այցելության ժամանակ հայտարարել էր Աբխազիայի անկախությունը ճանաչելու իր մտադրության մասին:




























