«Ժառանգություն» կուսակցության տրոհման մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցությունում կատարվածը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Ժառանգությունը» վարչության նիստ էր հրավիրել եւ շարքերից վտարել ԿԸՀ-ում ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին, փոխնախագահ Մովսես Արիստակեսյանին եւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին:

Հարցին, թե ինչպես կազդի կատարվածը քաղաքական դաշտի վրա, Էռնեստ Սողոմոնյանը պատասխանեց, որ «Բարգավաճ Հայաստանն» այս պահի դրությամբ դեռ չի քննարկել ու վերոլուծել կատարվածը: «Կապրենք կտեսնենք: Սպասեք, առաջ մի ընկեք»,- խորհուրդ տվեց Սողոմոնյանը:

Իսկ հարցին՝ վտանգավոր չէ՞ արդյոք, որ «Ժառանգության» տրոհման դեպքում խորհրդարանը մնացել է առանց ընդդիմության, պարոն Սողոմոնյանը արձագանքեց. «Տրոհվելու մասին վաղ է խոսելը: Այնտեղ գործընթացներ են գնում: Դրա համար էլ մենք չենք վերլուծել: Տեսնենք, ոնց կգնան, նոր կասենք»: