ՀՀ օմբուդսմենի հետազոտությունները հիմք ընդունելով՝  ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամները կայցելեն «Նուբարաշեն», «Հրազդան», «Արմավիր», «Արթիկ», «Գորիս» ՔԿՀ-ներ, քանի որ այդ վայրերից կան ահազանգեր ժամկետանց դեղերի, բուժանձնակազմի որակավորման խնդիրներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, երկուշաբթի կայցելենն մասնավորապես «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց», ապա «Հրազդան» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներ. « Կլինենք նաեւ Գորիսում, որտեղից լուրջ ահազանգեր ունենք, կայցելենք «Արմավիր» ՔԿՀ: Խոսքը ժամկետանց, տնայնագործական պայմաններում պատրաստված դեղորայքի, բուժանձնակազմի որակավորման մասին է: Շատ դեպքերում բուժաշխատողների թվաքանակի պակասի պարագայում դատապարտյալները զբաղվում են ինքնաբուժությամբ, շատ դեպքերում մենք ունենք վատ հետեւանքներ»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Զոհրաբյանը նշեց, որ նոր օրենքի նախագիծ են պատրաստում եւ առաջարկելու են, որպեսզի առողջապահական ծառայությունների մատուցումը ենթակա լինի ոչ թե քրեակատարողական վարչությանը, այլ Առողջապահության կամ Արդարադատության նախարարություններին, այլապես այստեղ առաջ կգա շահերի բախում:

Պատգամավորի խոսքով, իրենք ահազանգեր ունեն առ այն, որ շատ բժիշկներ, կաշկանդվելով քրեակատարողական վարչության վերադասից, չեն ներկայացնում դատապարտյալի իրական առողջական վիճակը, որպեսզի վերջինս չտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»:

Անդրադառնալով ՔԿՀ-ներում դեղորայքների ցանկին, Նարիա Զոհրաբյանն ասաց. «Իրենք շատ հին սիստեմով են աշխատում՝ անալգին, դիմեդրոլ ու ավարտվում է այս ամբողջ պատմությունը, պետք է բերվի եվրոպական ստանդարտների՝ ինչ առաջին անհնրաժեշտության դեղորայքներ պետք է լինեն կալանավայրում: Ոչ թե կալանավայրի բժիշկը վերցնի, ասենք, վալերիանկայի խոտը խառնի տնայնագործական պայմաններում, որպեսզի ինչ-որ բան ստանա, քանի որ մարդը ցավեր ունի եւ պետք է այդ խնդիրը կարգավորել»: