Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 9-ին, փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով նիստին պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալների շահերի պաշտպանները: Ամբաստանյալներից  Արթուր Միհրանյանի շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում ցանկացած փաստացի հանգամանք պետք է հիմնավոր լինի, որը սակայն, այս դեպքում այդպես չէ: Նա օրինակ բերեց ներքին դիտման լազերային սկավառակում եղած երկու ձայնագրությունները: Կատարված տեսաձայնագրությունում Արթուր Միհրանյանը ներկայացնում  է  Կարեն Վարդանյանի սպանության հանգամանքները, որտեղ պատմում է, որ երկուսով սպանել են Կարեն Վարդանյանին այնուհետեւ թաղել, իսկ մյուսում ամբաստանյալներից Գեւորգ Զոհրաբյանը հայտնում է, որ Կարեն Վարդանյանին սպանել է Արթուր Միհրանյանը եւ թաղել իր ավտոտնակում:

«Այդ տեսաձայնագրումից պարզ է դառնում, որ ոստիկանը ոչ սթափ վիճակում են հարցաքննել Արթուր Միհրանյանին, ոստիկանը հարցնում է` սթափ ես, Արթուր Միհրանյանը պատասխանում է, որ մի բաժակ էլ է ուզում, որ ուղեղը աշխատի: Ոստիկանն էլ պատասխանում է` հեսա կկազմակերպենք, արի նենց խոսենք, որ ոչ ոք չիմանա, որից հետո տեսաձայանգրությունն անջատվում է: Չի բացառվում, որ Արթուր Միհրանյանի հարցաքննությունը տեղի է ունեցել նրան ֆիզիկանան եւ հոգեկան ճնշման ենթարկելու արդյունքում, նա եղել է ոչ սթափ վիճակում եւ նրանից ստացել են իրենց ցանկացած ցուցմունքը: Բացի այդ, Արթուր Միհրանյանը եղել է ոչ սթափ վիճակում եւ նրա տված տեղեկությունները լուրջ կասկածի տակ կարող են դրվել, արժանահավատ չեն կարող լինել: Լազերային սկավառակի օգտագործումը որպես ապացույց անթույլատրելի է»,-ասաց նա:

Մարինե Ֆարմանյանը նշեց, որ դատարանից ակնկալում է ճիշտ իրավական գնահատական եւ արդարացի դատավճիռ:

Գեւորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանն էլ պաշտպանական ճառով նշեց, որ պաշտպանյալի կողմից Կարեն Վարդանյանին առեւանգելու, սպանելու, նրանից գողություն կատարելու հանգամանքները չեն ապացուցվել: 

Նրա խոսքով, մեղադրողի միջնորդությունը նրան ցմահ դատապարտելու վերաբերյալ չի բխում գործի նյութերից, ենթադրությունների վրա է հիմնված: Պաշտպանը նշեց, որ Գեւորգ Զոհրաբյանը մեղսագված արարքներում անմեղ է եւ պետք է արդարացվի:

Ամբաստանյալներից Արթուր Միհրանյանը վերջին խոսքում նշեց. «Հարգելի դատարան, բազմիցս նշել եմ, ասում եմ նորից, սպանությունը կատարել եմ ես` խմիչքի ազդեցության տակ: Կցանկանայի, որ արդար դատավճիռ կայացվի»:

Ամբաստանյալներից Գեւորգ Զոհրաբյանը հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից:

Դատարանը հեռացավ խորհրդակցականս ենայկ` դատավճիռ կայացնելու:

Նշենք, որ ամբաստանյալներից Արթուր Միհրանյանը դատարանում ցուցմունք տալու ժամանակ հայտարարել էր, թե Կարեն Վարդանյանին ինքն է սպանել եւ ամբողջ մեղքն ընդունել էր: Գեւորգ Զոհրաբյանն իր ցուցմունքում եւս ասել էր, որ փորձագետի սպանության հետ որեւիցե կապ չունի, բացի այն, որ թաքցրել է կատարվածը:

Մեղադրողը երկու ամբաստանյալների համար էլ պահանջել էր ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Աղթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: