Գերմանիայի Դյուսելդորֆի պատկերասրահում պահվող «Սեւ ուղղանկյուն, կարմիր քառակուսի» նկարը, որը նախկինում հայտնի էր որպես ավանգարդիստ նկարիչ Կազիմիր Մալեւիչի հեղինակած նկար, կեղծ է: Այդ մասին հաղորդել է «Հյուսիսային Հռենոս–Վեսթֆալիա շրջանի գեղարվեստական ժողով» թանգարանային միավորման ներկայացուցիչ Գերդ Կորինտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, նկարի հեղինակը Մալեւիչը չէ», - ասել է նա:

Նրա խոսքով՝ այս եզրահանգման են եկել հատուկ հրավիրված փորձագետների միանգամից երկու խումբը: Նկարը թվագրված է 1915 թվականով, սակայն փորձաքննության արդյունքերով հաստատվել է, որ իրականում այն 1972 կամ 1975 թվականների ընթացքում է նկարվել:

Թանգարանում այն 2014 թվականից է գտնվում:

Պատկերասրահը նկարը՝ որպես նվեր, ստացել է գերմանական հիմնադրամից, իսկ մինչ այդ այն ժամանակավորապես գտնվել է Լյուդվիգսհաֆենի թանգարանում:

Բացի «Սեւ ուղղանկյուն, կարմիր քառակուսի» նկարից այդ ժամանակ Դյուսելդորֆ են փախանցվել նաեւ Մալեւիչի հեղինակած եւս մոտ 40 նկար, բայց իսկական են դրանք թե ոչ, հայտնի չէ: