Հայաստանում «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցչության եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համատեղ ջանքերով Երեւանում դեկտեմբերի 16-ին կազմակերպվել էր «Նորարար ուսուցիչներ» ֆորումը։ Ֆորումին մասնակցում էին հայաստանյան շուրջ 65 դպրոցների ուսուցիչներ: Ֆորումի շրջանակներում անցկացվում էր նաեւ «Նորարար ուսուցիչներ» մրցույթը։

Նախորդ տարի մրցույթին մասնակցում էր 19 ուսուցիչ, սակայն այս տարի մրցույթի մասնակիցների թիվը հասել է 58-ի։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսուցման ոլորտում» ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը։ Նրա խոսքով՝ մրցույթի ժյուրին խրախուսական մրցանակներից բացի, մրցանակ է շնորհել թվով 7 ուսուցչի։

«Գլխավոր մրցանակի են արժանացել 3 նորարար ուսուցիչներ՝ Գեղամ Սիմոնյանը՝ «Անանիա Շիրակացի» ճեմարանից, Նարինե Բաղդասարյանը՝ «Էվրիկա» հատուկ դպրոցից եւ Անահիտ Բաղդասարյանը՝ Վանաձորի № 24 դպրոցից»,- ասաց Ք. Գյոնջյանը։

Նրա ներկայացմամբ՝ գլխավոր մրցանակներ ստացած ուսուցիչները մարտի 20- 26-ին Մոսկվայում կմասնակցեն «Եվրոպական նորարար ուսուցիչներ» ֆորումին։

Գլխավոր մրցանակներից բացի, նորարար ուսուցիչներին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից, Ֆիզմաթ դպրոցից, №105 դպրոցից եւ Վանաձորի № 24 դպրոցից մրցանակներ է շնորհել նաեւ «ԱրմենՏել» ընկերությունը։ Ընկերությունը 3 ուսուցչի Smartphone է նվիրել, իսկ 1 ուսուցչի էլ ընկերության կողմից տրվել է մեկ տարի անվճար ինտերնետից օգտվելու հնարավորություն։

«Նորարար ուսուցիչ» ընտրվում են այն ուսուցիչները, որոնք դասավանդման նոր մեթոդներ եւ նոր տեխնոլոգիաներ են կիրառում իրենց դասապրոցեսում» ,- ասաց Ք. Գյոնջյանը՝ նշելով, որ այդ ծրագրերը պետք է ոչ միայն նոր լինեն, այլեւ կիրառելի եւ մատչելի աշակերտների համար։ 

Նշենք, որ «Նորարար ուսուցիչներ» մրցույթը Հայաստանում անցկացվում է 2009 թ.-ից։