Հայաստանի ոստիկանությունը նախատեսում է հեռուստատեսային ալիքներից մեկով հաղորդաշար սկսել, որով տեղեկատվություն կհաղորդվի ամեն օր տեղի ունեցող հանցագործությունների մասին։ Այդ մասին տեղեկացնելով լրագրողներին՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ձեռնպահ մնաց նշել, թե կոնկրետ որ հեռուստատեսության հետ են որոշել համագործակցել: 

Բացի այդ՝ շուտով հեռուստադիտողների դատին կհանձնվի ոստիկանության աշխատանքի մասին պատմող ֆիլմ, որն ըստ Ալիկ Սարգսյանի՝ հիմնված կլինի իրական փաստերի վրա։

Հաջորդ տարի կնկարահանվեն նաեւ հեռուստառեպորտաժներ՝ քրեական խրոնիկայի ոճով։ Դրանցում կպատմվեն նախկինում կատարված հանցագործությունների, դրանց բացահայտումների ու իրական մասնակիցների մասին, հանցագործների հետագա ճակատագիրը եւ այլն։

Անդրադառնալով սերիալներում հնչող ժարգոնի եւ ոստիկանության աշխատակիցների պահվածքի մասին, Ա. Սարգսյանն ասաց, որ բացառելու է ոստիկանական խոսքի մեջ ամեն տեսակի ժարգոն։ «Ոստիկանները պետք է խոսեն ժողովրդի լեզվով, հասկանալի, բայց գրագետ»,- ասաց Ա. Սարգսյանը։