«Կարծում եմ, որ „Ժառանգություն“-ում տեղի ունեցածը բնական ընթացք է»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետական խմբակցության պտգամավոր Մկրտիչ Մինասյանը, մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության պառակտման փաստը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ կուսակցության շարքերից հեռացվել են վարչության անդամներ Վարդան Խաչատրյանը, Մովսես Արիստակեսյանն ու Զոյա Թադեւոսյանը:

Հարցին, թե, ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ Ազգային ժողովը, փաստորեն, «Ժառանգության» պառակտման պարագայում մնալու է առանց ընդդիմության", Մ. Մինասյանն արձագանքեց. «Ես այն կարծիքն չեմ, որ խորհրդարանը մնաց առանց ընդդիմության: ԱԺ-ում ընդդիմություն կա` ի դեմս Դաշնակցության, որը մի քանի ամիս առաջ հրաժարվել է կոալիցիայի անդամ լինելուց ու իշխանական բոլոր պորտֆելներից եւ իրեն հռչակել որպես ընդդիմություն: Մենք առանց ընդդիմության չենք մնա»:

Իսկ «Ժառանգությունը» խորհրդարանում, թեկուզ պառակտված, կշարունա՞կի իր ընդդիմադիր գործունեությունը, թե ինչ-որ բան կփոխվի, հարցին էլ արձագանքեց. «Կարող է որոշ հարցերում ներքին տարաձայնությունները պահպանվեն, բայց բոլոր դեպքերում, ընդհանուր առմամբ նրանք կմնան ընդդիմության շարքերում»: