Թերթը գրում է, որ Վախթանգ Դարչինյանը հույժ կարեւոր եզրակացություն է արել մեքսիկացի Աբներ Մարեսից անցած կիրակի կրած պարտությունից: Այսուհետ նա մտադիր է այնպիսի ծանրակշիռ առավելության հասնել մրցակիցների նկատմամբ, որ մրցավարներին երկընտրանքի տեղիք չտա:
«Անչափ հիասթափված եմ Մարեսի պես լավ, բայց երիտասարդ բռնցքամարտիկին պարտվելուց: Շնորհավորում եմ Աբներին, որը կոշտ տղա է եւ հրաշալի մարտնչեց: Անգամ աշխարհի չեմպիոնի 7 տիտղոս նվաճելուց հետո մի շատ կարեւոր բան հասկացա` պետք չէ մենամարտի արդյունքը թողնել մրցավարների հայեցողությանը: Նրանց սխալ գնահատականները միակ տհաճ հիշողությունն են այս հանդիպումից: Շատ ավելի կարեւոր է խոսել ոչ թե մրցավարական սխալներից, այլ այն մասին, թե ինչպիսի գեղեցիկ հանդիպում անցկացրինք:
Դժվար է համակերպվել բաղդատված որոշմամբ պարտությանը, երբ վստահ ես, որ հաղթել ես: Կարող եմ միայն ասել, որ հակառակորդս նույնքան լավն էր, որքան ես: Զայրացած եմ պարտությունից, բայց Մարեսի վրա բարկությունս չի տարածվում: Նա մինչեւ վերջ հարգալից էր իմ նկատմամբ: Պետք չէր նրան մերձամարտի հնարավորություն տալ: Հուսով եմ, կրկին կհանդիպենք ռինգում: Կարծում եմ, նա նման է ինձ, քանզի հանուն երկրպագուների պատրաստ է խիզախել»,- նշել է վանաձորցի բռնցքամարտիկը:
Միաժամանակ Վախթանգը անհամբերությամբ սպասում է կոլումբիացի Յոնի Պերեսի հետ թեթեւքաշայինների մրցաշարի 3-րդ տեղի համար մենամարտին: «Գիտեմ միայն, որ դա ահեղ բախում է լինելու, որի ընթացքում սխալս չեմ կրկնի` չեմ թողնի, որ ճակատագիրս վճռեն մրցավարները»,- ասել է Դարչինյանը:





























