Երեկ մամուլը լի էր հրաժարականների եւ նորնշանակումների մասին լուրերով։ Կեսօրին իմացանք, որ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որը, սակայն, փողոցում չի հայտնվի. նախագահականում երեկ քննարկվում էր նրա հարցը։ Երիցյանին կամ կառաջարկեն ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը՝ վերջերս Համահայկական բանկի նախագահ նշանակված Վահրամ Ներսիսյանցի փոխարեն, կամ՝ Կենտրոնական բանկի փոխնախագահի՝ Վաչե Գաբրիելյանի փոխարեն։ Իսկ լեզվաբան Վազգեն Գաբրիելյանի որդին եւ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Վահե Գաբրիելյանի եղբայրը՝ Վաչեն, կնշանակվի ֆինանսների նախարար։ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ կհանգրվանի էկոնոմիկայի նախարարի աթոռին։

Խոսվում էր, որ աշխատանքից կազատվի նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, թեեւ նրա կուսղեկավար Արթուր Բաղդասարյանը, ըստ հավաստի տեղեկությունների, համառորեն դիմադրում է այս պաշտոնաթողությանը։

Հաջորդ զոհը, ըստ լուրերի, լինելու է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Եվ հնարավոր է, որ բանը հասնի նաեւ մշակույթի նախարարին։ Նշանակումների հարցը երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ քաղխորհրդին։