Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանում դեկտեմբերի 16-ին սկսված սկանդալային «Մեծ մուրճ»-ի դատական  առաջին նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 28-ը։

Առաջին դատական նիստի ընթացքում հայտնի է դարձել, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ գործը կարճվել է եւ մեղադրյալների թիվը 196-ից դարձել է 195։  Մի շարք մեղադրյալների փաստաբաններ ներկայացրել են դատավորին փոխելու պահանջ, որը քննարկվել է դատարանի կողմից եւ որոշում կայացվել այդ պահանջը փոխանցել մեկ ատյան բարձր՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 11-րդ դատարան՝ վճիռ կայացնելու համար։ Նախագահող դատավորը դատական նիստը հետաձգել է մինչ դեկտեմբերի 28-ը։

Նշենք, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանում բացված դատական գործը 196 անձանց նկատմամբ հեղաշրջման փորձի մեղադրանք է ներառում։  Հեղաշրջման փորձի մեջ մեղադրվում են ինչպես ծառայության մեջ գտնվող, այնպես էլ՝ պաշտոնաթող գեներալներ։

Այս մասին հայտնի էր դարձել, երբ թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասները, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝  ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։

«Մեծ մուրճ»-ի գործով առանցքային մեղադրյալները հերքում են հեղաշրջում կազմակերպելու փաստը՝ պնդելով, թե դա եղել է ուսումնավարժական ծրագիր։