Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով ռազմական կրթության բնագավառում ՀՀ ՊՆ կողմից վարվող քաղաքականությունը` Սեյրան Օհանյանը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաեւ դրանց արդյունքում ստեղծված ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները: Կարեւորելով ռազմական կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բխում է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը կյանքի կոչելու համար փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտությունից եւ ՀՀ կողմից վարվող թափանցիկ պաշտպանական քաղաքականության տրամաբանությունից:
Փորձագիտական խմբի անդամները բարձր գնահատեցին ռազմական կրթության ոլորտում վերջին տարիներին Հայաստանում կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 2011թվականին կգործի ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը` միջազգային չափանիշներով կանոնակարգելով ռազմական կրթության համակարգը:





























