«Մեր կառավարությունն ավելի հեշտ է զիջումների գնում թուրքերի հետ բանակցություններում, քան սեփական ժողովրդի եւ ազգային ժողովի», երեկ խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Թերթն այս կապակցությամբ հետեւյալ մեկնաբանությունն է անում. «Վահան Հովհաննիսյանը ճիշտ է նկատել, բայց ցավոք՝ պատճառները չի նշել: Իսկ պատճառները երկուսն են: Նախ՝ երբ թուրքերի հետ բանակցություններում հեշտությամբ գնում են զիջումենրի, արդյունքում ոչ իրենց կերակրատաշտն է պակասում, ոչ քյաշ փողը: Ինչ զիջում են՝ պետության եւ սերունդների հաշվին են զիջում: Իսկ սեփական ժողովրդին ինչ-որ բան զիջելու դեպքում ե՜ւ կերակրատաշտը կկորցնեն, եւ՜ քյաշ փողը, հնարավոր է՝ նաեւ ազատությունը:
Երկրորդ. թուրքերի հետ բանակցություններում ստիպված են ավելի զիջողական լինել, որովհետեւ թուրքերի նկատմամբ չեն կարող «Չերյոմուխա» կիրառել, Բազազն էլ հազիվ թե Էրդողանի թեւերը ոլորի ու քաղմաս տանի: Եւ քանի որ սեփական ժողովրդի հետ հարաբերվելու այս «մեթոդները» կիրառելի չեն թուրքերի հետ հարաբերություններում, ստիպված՝ լեզու են գտնում: Իսկ մեզ մնում է միայն զարմանալ, որ Վահան Հովհաննիսյանը հիմա՜ է նկատել իշխանությունների այս հատկությունը»:





























