«Առավոտ»-ի խմբագիրն, անդրադառնալով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ երեկ տեղի ունեցած նիստին, գրում է. «Գրիգոր Ամալյանը (ՀՌԱՀ նախագահը) հերթական անգամ առաջադրանք էր ստացել «Ա1+»-ը եթեր չթողնել` մնացածը թողնվում է նրա «ստեղծագործական երեւակայությանը»: Պարզ է, որ պարոն Ամալյանը ամեն անգամ պետք է ինչ-որ մի բան «բստրի». այս անգամ նրա «բստրածը» ինձ այդքան էլ հաջող չթվաց, բայց դա իր խնդիրն է, ինչպես նաեւ նրանց, ում նա զրպարտել է: Ինձ հետաքրքրում է մեկ այլ հանգամանք:
Ենթադրենք, ՀՌԱՀ անդամները անվերապահորեն հավատացել են Ամալյանի հերյուրանքներին եւ համոզվել են, որ «Ա1+»-ը ոչ մի ներդրում չի կարող անել (չնայած դա սուտ է): Բայց նրանք կարծես թե գրաճանաչ մարդիկ են, իբր` ռեժիսոր են, բանասեր, իրավաբան եւ այլն: Այդ մարդիկ իրենց նեղություն տվե՞լ են` ծանոթանալու, թե որ չափորոշիչներով է անցակացվում մրցույթը: Եթե այո, ապա նրանք կտեսնեին, որ փողը 6 չափորոշիչներից մեկն է, իսկ մնացածը տարածքն է, աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, տեխնիկան եւ այլն: Այդ չափորոշիչներով նո՞ւյնպես «Ա1+»-ը «զրո»-ի է արժանի: Բնականաբար, այդ բոլոր «նրբությունները» իշխանության կամակատարներին չեն հետաքրքում. Նրանք ոչ մի մրցութային փաթեթ էլ չեն կարդում, ընդհանրապես որեւէ գործ չեն անում եւ հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում (ի դեպ, ոչ փոքր) միայն մեկ ֆիզիկական գործողության համար`«բարձրացնել» այն թվերը, որոնք իրենց հրահանգել են: Բացառված չէ, որ նման ծառայության դիմաց նրանք օգտվում են նաեւ այլ բարիքներից:
Այժմ Հայաստանում ոչ Ստալինի ժամանակներն են, ոչ էլ`Հիտլերի, եւ տարրական պարկեշտություն դրսեւորելու համար հերոս լինել պետք չէ:
Այսինքն` ռեժիմը փոխվելուց հետո (իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա` ոչինչ հավերժ չէ) ոչ ոք չի ունենա այն արդարացումը, թե «ես մեղավոր չեմ, ինձ ստիպել են»:




























