Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունն Իսպանիա, որի ընթացքում առաջին հանդիպումն ունեցել է Իսպանիայի ԱԳ նախարար Տրինիդադ Խիմենեսի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձեւաչափով:
«Այս տարի Մադրիդում ՀՀ դեսպանության հիմնումը Իսպանիայի հետ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման Հայաստանի ցանկության վկայությունն է»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարներ Նալբանդյանն ու Խիմենեսը բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նրանք քննարկել են նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները նաեւ անդրադարձել են մշակույթի եւ տուրիզմի բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին:
Երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել մշակել մի շարք համաձայնագրեր, մասնավորապես ներդրումների խրախուսման ու պաշտպանության եւ տնտեսական ոլորտի այլ փաստաթղթեր:
Քննարկվել է երկու երկրների տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների, հայ-իսպանական գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունը: Նախարարները համակարծիք էին, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների առկայությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Այդ առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել Օդային հաղորդակցության մասին համաձայնագիր եւ քաջալերել երկու երկրների ավիափոխադրողներին օդային կապ հաստատելու ուղղությամբ:
Ընդունելով Հայաստանի ԱԳ նախարարի Երեւան այցելելու հրավերը՝ Տրինիդադ Խիմենեսն ասել է, որ հաջորդ տարվա առաջին կեսին կժամանի Երեւան:
Հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանն ու Տրինիդադ Խիմենեսը ստորագրել են «Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ Կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիրը»:
Նույն օրը Է. Նալբանդյանն այցելել է Իսպանիայի խորհրդարան, ուր հանդիպել է տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը այցելել է Մադրիդում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպում է ունեցել իսպանահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պատասխանեց իսպանահայերի բազմաթիվ հարցերի:




























