Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնակ արվեց, քանի որ փորձում էր խաղալ սեփական խաղը, ինչն իշխանությանը դուր չեկավ: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԼՄ հեռուստաընկերության սեփականատեր, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար  Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ «իշխանությունը ներառում է այն մարդկանց, ովքեր քաղաքանապես վարկաբեկվել են, չեն կարող սեփական խաղը խաղալ ու  սկսելու են խաղալ հավաքական իմիջի վրա»:

Ինչ վերաբերում է Բեգլարյանին, ապա նա եւս, ըստ Կարապետյանի, սկսեց ինքնուրույն քայլեր անել, ինչն էլ հակառակ էֆեկտ ունեցավ: «Նա սկսեց ծաղիկներ ցանել բորդյուրներին եւ փորձեց ցույց տալ, որ ինքը կարող է երեւանցիներին տեր կանգնել: Իսկ դա դուր չեկավ, քանի որ ինքնուրույն քայլ էր»,-հայտարարեց Կարապետյանը:

NEWS.am-ի հարցին, թե արժանավո՞ր է քաղաքապետի նոր թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը եւ արդյոք նա եւս չի՞ խաղա սեփական խաղը՝ ընտրվելով քաղաքապետ, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Առաջին հերթին արձանագրենք, որ նա ղարաբաղցի է: Ուրեմն, հավաքական առումով նա համապատասխան կլինի ընդհանուր մոտեցմանը: Նա ղեկավար է եղել «Հայռուսգազարդում», կարող է ղեկավարել նաեւ Երեւանը, Ստեփանակերտը, Դարաչիչակը...»: Տիգրան Կարապետյանը նաեւ տարակուսեց, թե ինչո՞ւ Երեւանը չի ղեկավարում երեւանցին:

«Մեռնենք մենք հայության համար, մեզանից լավ հայրենասեր չլինի: Բայց ինչո՞ւ երեւանցին տեղ չունի իր տան մեջ: Այդ հարցը մեկ-մեկ ծագում է անկախ մեզանից: Եթե գեղեցկությունը, այլակարծությունը, այլագործությունը դուր չի գալիս, ապա ի՞նչն է դուր գալիս իշխանությանը»,-նկատեց Կարապետյանը: Նա նաեւ հավելեց, որ «Հայաստանը կազարմա չի, որ կանգնենք ու չեստ տանք՝ ասելով՝ լսում ենք»:

«Մենք ունենք մեր աշխարհայացքը, մեր մոտեցումը, եւ ցանկանում ենք յուրովի անել մեր գործը: Ինչո՞ւ այդ յուրովին դուր չի գալիս իշխանությունը: Ես զգում եմ, որ այստեղ ինչ-որ սխալ բան է կատարվում եւ այդ սխալը գնալով ոչ միայն ես եմ տեսնում, այլ շատերը»,-սրտնեղեց  ԺԿ նախագահը: