2008 թ. մարտին ՀՀ նախագահի կարգադրությամբ Հայաստանում սահմանվեց «Միգրացիոն համակարգ եւ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր եւ նույնականացման քարտեր համակարգ ներդնելու մասին» հայեցակարգը, որով Հայաստանը անցնում է կատարում կենսաչափական կողմորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նույնականացման քարտերի կիրառությանը։ Նոր տեսակի անձնագրերը կպարունակեն ներկայումս կիրառվող անձնագրերի բոլոր տվյալները, եւ այդ ամենին կգումարվի նաեւ երկու ձեռքի ցուցամատերի մատնահետքերը։ Իսկ նույնականացման քարտը մարդու վերաբերյալ բազային տվյալներից բացի կպարունակի նաեւ էլեկտրոնային ստորագրություն։ Նախատեսվում է, որ վերոնշյալ փաստաթղթերը կիրառություն կգտնեն արդեն 2011 թ.-ից։
Ներկայումս ուժի մեջ գտնվող անձնագրերը դեռեւս կկիրառվեն մինչեւ դրանց վերջնաժամկետի ավարտը։ Պարտադիր չէ, որ քաղաքացին ձեռք բերի այս նոր տեսակի անձնագրերը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։ Նրա խոսքով՝ նոր անձնագրերի անցման գործընթացը կկատարվի զուգահեռաբար, երբ ներկայումս կիրառվող անձնագրերը կամաց- կամաց դուրս կգան ժամկետից։ «Ժամկետի ավարտից հետո արդեն քաղաքացիները ձեռք կբերեն նոր տիպի անձնագրեր, իսկ ովքեր չունեն անձնագիր, նրանց միանգամից կտրվի նոր տեսակի անձնագիր»,- ասաց Ն. Մուրադխանյանը։
«Նոր տեսակի անձնագրերի անցման գործընթացը չունի վերջնաժամկետ, այն երկարատեւ գործընթաց է։ Սակայն նոր տեսակի անձնագիր ստանալուց առաջ քաղաքացին պետք է նախ նույնականացման քարտ ստանա»,- ասաց Ն. Մուրադխանյանը։




























