Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) որոշմամբ  թվային հեռարձակման արտոնագրից զրկված ԱԼՄ հոլդինգի սեփականատեր Տիգրան Կարապետյանը պատրաստվում է խաչով պայքարել հեռուստաընկերության իրավունքների վերականգման համար:  Այս մասին նա հայտարարեց դեկտեմբերի 17-ին տեղի ուենցած ասուլիսի ժամանակ՝ նշելով. «Խաչն եմ առաջ բրթելու: Երբ տեսնում ես չարին՝ ուրեմն պետք է խաչը միանգամից դեմ տաս: Խաչն եմ դեմ տալու, մենք մոմավառություն ենք անելու խաչերով: Որովհետեւ չարի դեմ ուժային մեթոդներով պայքարելով չարին ավելի ես հզորացնում»,-հայտարարեց Կարապետյանը: Նա հայտարարեց, որ ինքը հայրենասեր մարդ է եւ արդարության կողմնակից, իսկական երեւանցի:

«Այդ օյինբազությունները, ամեն ինչ մեզնով անելը ես չեմ ընդունում: Ես պայքարելու եմ եթերի համար: Ես գիտեմ, թե ինչու են իմ ձայնը կտրել: Ընդդիմությունն ասում է, որ ես ռեյտինգ եմ ձեռք բերել իրենց լուսաբանելով, իշխանությունն էլ ասում է, թե ռեյտինգ եմ ձեռք բերել իրեն ռեսուրսը՝ եթերն օգտագործելով»,-հայտարարեց Կարապետյանը:

Նա նշեց, որ թեեւ այժմ եթերում չի հանդիպելու հանրության հետ, սակայն երես առ երես է շփվելու ժողովրդի հետ: «Դա լինելու է օnline, տեսնեմ դա՞ ինչպես պետք է արգելեն»,-նկատեց Կարապետյանը եւ հավելեց, որ ընկճված չէ ՀՌԱՀ-ի կայացրած որոշումից:

«ՀՌԱՀ նախագահ Ամալյանը մեղավոր չի, նա կամակատար ա: Ինչ անի Ամալյանը, ինձ թվում է նրա համար էլ էր անակնկալ, որովհետեւ եթե չլիներ անակնկալ, իրենք նախապես մեզ մրցակից «Երեւան» հեռուստաընկերության շափանիշներն այլ կերպ կներկայացնեին»,-նշեց ԱԼՄ-ի ղեկավարը՝ հավելելով, որ «Կոչնակներ» ամսագրում Ամալյանի նկարը «համապատասխան ձեւով» տեղադրելու է:  

Տիգրան Կարապետյանն, ի դեպ, ՀՌԱՀ-ի կայացրած որոշումը բողոքարկելու է նախ՝ ազգային, ապա նաեւ Եվրոպական դատարանում: Նա, սակայն, համոզված է, որ դատարանը եւս կեղծ եւ անարդար որոշում է կայացնելու: Տիգրան Կարապետյանը մտադիր է մարզային հեռուտաընկերություն գնել եւ դիմել է Ռուսաստանի իր ընկերներին, ովքեր խոստացել են մի քանի միլիոն դոլար ուղարկել: