Եթե «Ա1+»-ը եթեր վերադառնար, ապա դա  հեղափոխությանը համահավասար բան կլիներ: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժողովրդական կուսակցության»  ղեկավար, ԱԼՄ հոլդինգի սեփականատեր Տիգրան Կարապետյանը:

«Ա1+»-ը վտանգի աղբյուր է իշխանության համար: Եթե «Ա1+»-ին տային եթեր, իշխանությունը կընկնավորվեր, ինֆարկտ կստանար: Եթե  Ա1+»-ին եթեր տան, դա հեղափոխությանը հավասար բան է: Ես դա նախապես գիտեի»,-հայտարարեց Կարապետյանը՝ ընդգծելով, որ չէր սպասում, որ ԱԼՄ-ին եւս եթերից կզրկեն: «Մեզ եթերից զրկելը լկտիությունը է»,-հայտարարեց նա:

Կարապետյանը նաեւ հավելեց, որ իր՝ որպես ԱԼՄ-ի ղեկավարի կեցվածքը մշտապես եղել է կենտրոնամետ: «Ես ոչ մի բեւեռի կողքը չեմ կանգնել: Եթե լրագրողին սատարել են, ես էլ եմ սատարել, դա իմ պարտքն է: Բայց ես չեմ քաղաքականացրել  եւ քաղաքական առումով չեմ կանգնել ոչ մեկի կողքը: Եւ չեմ էլ պատրաստվում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրեն եթերից զրկելով իշխանությունը դրդում է կանգնել այս կամ այն քաղաքական բեւեռի կողքը: