Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ չի հարուցվել: Այդ մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Ոստիկանության ոչ մի ստորաբաժանումում քրեական գործ չի հարուցված եւ նյութեր էլ չեն նախապատրաստվել»,- ասել է նա եւ հիշեցրել նախագահական նստավայրից տարածված հաղորդագրությունը, որ Գագիկ Բեգլարյանի եւ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջեւ միջադեպ եղել է, սակայն դաժան ծեծ չի եղել:
Հունան Պողոսյանն անդրադարձել է նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ կապված միջադեպին՝ խորհուրդ տալով չշիկացնել կրքերը: «Դեպքն ընդամենը եղել է այսպես: Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետը վիճաբանել է գովազդային գործակալությամբ զբաղվող մի անհատ քաղաքացու հետ: Վերջինս հայտարարել է, որ Գրիգորյանն իրեն հարվածել է, սակայն այնուհետ այդ քաղաքացին հաշտվել է Մանվել Գրիգորյանի որդու հետ»,- նշել է Պողոսյանը:
Փոխոստիկանապետը նաեւ նշել է, թե ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում է Սյունիքի մարզպետի եղբոր տղայի հետ կապված վթարի առնչությամբ:





























