Այսօր՝ դեկտեմբերի 17-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տօրեն Արա Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց «Հեռուստամարաթոն 2010»-ի նախնական արդյունքները։ Արդեն հրապարակվել են խոշոր նվիատուների անունները, որոնք 100 հազ. դոլարից ավելի նվիրատվություն են կատարել։ Մյուս նվիրատուների անունները կհրապարակվեն հունվարի կեսերին։ Ա. Վարդանյանը իր եւ Հիմնադրամի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին՝ անկախ նվիրաբերված գումարի չափից։
Հայաստանյան օլիգարխներից խոշոր նվիրատուների ցանկում միայն մի քանի անուն կա։ Սամվել Ալեքսանյանը նվիրել է 200 հազ. դոլար, Միխայիլ Բաղդասարովը, Բարսեղ Բեգլարյանը՝ 100 հազարական դոլար։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նվիրել է 500 հազ. դոլար, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ 470 հազ. դոլար։
Գագիկ Ծառուկյանն այս տարի գումար չի նվիրել։ Արա Վարդանյանի տեղեկացմամբ՝ նա դեռ շարունակում է Ստեփանակերտի մարզադպրոցի շինարարությունը, որը սկսել է 2 տարի առաջ, եւ որի համար կծախսի առնվազն 2,5-3 մլն դոլար։ Այստեղ խնդիրներ են առաջացել՝ դպրոցի կառուցման համար անհրաժեշտ հիմնամասերը տրանսպորտի միջոցով Ստեփանակերտ հասցնելու համար։
Հիմնադրամին խոշոր նվիրատվություն կատարած մյուս անձինք հիմնականում արտասահմանցիներ են, թեեւ նրանց մի մասը Հայաստանում շահեր ունի։ Ամենախոշոր նվիրատուներն են ռուսաստանցիներ Սամվել Կարապետյանը («Տաշիր գրուպ») եւ Լեւոն Հայրապետյանը («Սոբեսեդնիկ»), որոնք նվիրաբերել են 2-ական մլն դոլար։ 1,6 մլն դոլար է ստացվել եւս մեկ այլ մոսկվաբնակ ձեռնարկատերից՝ Արա Աբրահամյանից։ Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանը նվիրել է 200 հազ. դոլար, «Յունիբանկի» սեփականատերերից Գագիկ Զաքարյանը՝ 200 հազ. դոլար։ Ավելի առատաձեռն են գտնվել Մուրադյան եղբայրները («Բամո»)՝ 300 հազ. դոլար։
Նվիրատուների առավել մանրամասն ցանկը կհրապարակվի 2011 թ. հունվարին։




























