Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը ավագանիում ընտրությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

NEWS.am-ը ներկայացնում է հարցուպատասխանի սղագրությունը.

Առաջին խոսքերս կլինի այն, որ նախ շնորհակալություն եմ հայտնում ավագանու անդամներին, հանրապետական կուսակցությանը եւ Հայաստանի նախագահին՝ վստահության համար: Ես քիչ առաջ հակիրճ ներկայացրեցի՝ ոնց եմ տեսնում իմ միսիան եւ կարծում եմ, որ մենք կկարողանանք ներմուծել կառավարման նոր մշակույթ, որից գոհ կլինեն մեր բնակիչները: Մոտակա ժամանակները ես հանդես կգամ այն ծրագրերով, որը որ կա: Նպատակ կա կազմել քաղաքի զարգացման կոնցեպցիա, եւ շատ բաց, թափանցիկ, հանրության, աշխատակազմի, ավագանու եւ շահագրգիռ կողմերի հետ կքննարկենք մեր քաղաքի ապագան:

Ձեր առաջին քա՞յլը:

Առաջին քայլը՝ ստանձնել եմ քաղաքապետի պաշտոնը:

Ձեզ ո՞ր պաշտոնն է ավելի հոգեհարազատ՝ «ՀայՌուսգազարդի» նախագահի պաշտո՞նը, թե՞ քաղաքապետինը:

«ՀայՌուսգազարդ»-ը շատ եմ սիրում եւ համարում եմ մեր երկրի լավագույն ընկերություններից մեկը, բայց երեւի յուրաքանչյուր կառավարիչ ժամանակ առ ժամանակ կարիք ունի ոլորտը փոխելու, թարմ աչքով նայելու, իսկ ընդհանրապես կառավարումը նույնպես գիտություն է եւ հստակ է մի բան, պետք է կարողանաս առարկան մոդելավորել, ինչը պետք է կառավարես: Շատ հավանական է, որ օպտիմալացումները գտնես: Համարում եմ՝ Գագիկ Բեգլարյանը շատ հաջողակ քայլեր է արել, յուրաքանչյուր եկողը շարունակելու  է նրա ծրագիրը:

Ինչո՞ւ ներկա չի գտնվել Բեգլարյանը:

Ես կարծում եմ՝ հարգելի պատճառով:

Կա՞ ՀՀԿ շարքերը  համալրելու որոշում:

Ես անկուսակցական եմ, համակրում եմ Հանրապետական կուսակցությանը, որոշում, որ կհամալրեմ՝ չունեմ:

Սպասո՞ւմ էիք Ձեր թեկնածությունը:

Չէ, չէի սպասում:

Ճի՞շտ է, որ Մոսկվայի որոշմամբ եք նշանակվել:

Ոոոոո~չ, իհարկե, ոչ:

Վարչական շրջանների ղեկավարաների կամ կադրային  փոփոխություն կլինե՞ն:

Կադրային ցեղասպանություն, ջարդ անելու ցանկություն չկա, բայց լինելու են խաղի կանոններ եւ պահանջներ կառավարիչների նկատմամբ: Ովքեր, որ այդ պահանջներին բավարարելու են, մնալու են, ովքեր ոչ՝ գնալու են:

Չե՞ք կարծում, որ լեգիտիմության պակաս ունեք, որ այլընտրանքային թեկնածություն չեղավ:

Լեգիտիմության պակաս չունեմ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի