«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանն առայժմ ձեռնպահ է մնում «Ա1+»-ի վերաբերյալ Հեռուստատեսության եւ ազգային հանձնաժողովի կողմից կայացված որոշումը մեկնաբանելուց: Ինչպես NEWS.am-ին փոխանցեցին «Ա1+»-ից, Մեսրոպ Մովսեսյանն այժմ փաստաբանների հետ նախապատրաստվում է՝ պատասխանելու  լրագրողների հարցերին: Մ. Մովսեսյանը երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ՀՌԱՀ նիստից հետո  «Ա1+» լրատվական կայքին հայտնել էր. «Չնայած ՀՌԱՀ-ի այսօրվա որոշմանը` «Ա1+»-ը աշխատել է, աշխատում է եւ շարունակելու է աշխատել 13-րդ անգամ եթեր վերադառնալու հնարավորություն չստանալուց հետո»:

Հեռուստաընկերության նախագահը հավատացրել է նաեւ, որ դատական գործընթացներ են լինելու: «Բոլորիս համար էլ պարզ է, թե գնահատականը որտեղից է եւ ով է այս երկրում որոշում կայացնում: Ինչպես ես հասկացա, այստեղ թքած ունեն միջազգային կառույցների որոշումների ու կարծիքների վրա: Փող, փող եւ միայն փող, ինչից մթագնել է արդեն նրանց ուղեղները: Իսկ այդ փողն աշխատելու համար նրանց պետք չէ ազատ հեռուստադաշտ, որի համար էլ փայլուն լուծում են գտել»: Մովսեսյանը նաեւ հավելել է. «Ես արդեն գիտեմ բոլոր այն խախտումները, ինչ որ արվել է եւ չեմ հրապարակել: Հենց այդ խախտումներն էլ ցույց են տալիս, որ որոշումն արդեն իսկ կայացվել էր»:  

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային Հանձնաժողովը (ՀՌԱՀ) երեկ պաշտոնապես հրապարակել է կապուղիների թիվ 1-18-րդ մրցույթներում հաղթողների անունները: ՀՌԱՀ խորհրդի նիստից հետո Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողներին հայտնել էր, որ մրցույթի մասնակիցներից մեկի՝ «Մելտեքս» ՍՊ ընկերության հայտում եւ կից փաստաթղթերում առկա են ընկերության բիզնես ծրագրի ֆինանսական ապահովումը հիմնավորող ակնհայտ կեղծ փաստաթղթեր: Գրիգոր Ամալյանը լրագրողներին առաջարկել է նաեւ սեփական լրագրողական հետաքննությունն անցկացնել այդ առիթով: