Ղազախստանից հետո ԵԱՀԿ-ն նախագահելը ե՜ւ հեշտ կլինի, ե՜ւ դժվար: Այդ մասին դեկտեմբերի 17-ին «ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության ամփոփումը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Լիտվայի դեսպան Գիեդրիուս Ապուոկասը՝ մեկնաբանելով 2011-ին Լիտվայի՝ ԵԱՀԿ-ում նախագահելու փաստը:

Դեսպանի խոսքով՝ բանն այն է, որ բոլորը համեմատելու են Լիտվայի եւ Ղազախստանի նախագահությունների ժամանակահատվածները: Իսկ մրցելն այնպիսի միջոցառմամբ, ինչպիսին գագաթաժողովն է, որը վերջին անգամ կայացել էր 11 տարի, անչափ բարդ է լինելու, եթե ոչ՝ անհնար:

«Մեր հիմնական նպատակն է լինելու հավատարիմ մնալ ԵԱՀԿ-ի արժեքներին՝ առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանություն,  լրատվամիջոցների ազատություն, ինչպես նաեւ լրագրողների անվտանգություն»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Լիտվայի ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ սառեցված հակամարտությունների լուծումը: Նրա կարծիքով՝ մինչ այս միջոցներ չեն ձեռնարկվել հակամարտություններ ունեցող կողմերի հասարակությունների մեջ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ: «Միայն այս ճանապարհն անցնելով կարելի է հանգել որոշակի առաջընթացի կոնֆլիկտների կարգավորման գործում»,- ընդգծել է դեսպանը: