Մոտ ժամանակներս կադրային նոր փոփոխությունների չարժե սպասել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նա ընդգծեց, որ նախօրեին՝ ուշ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած կուսակցության գործադիր մարմնի նիստում կադրային նոր փոփոխությունների հարցեր չեն քննարկվել։ Գալուստ Սահակյանը նաեւ հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր պաշտոնանկությունից հետո առանց աշխատանքի չի մնա եւ կնշանակվի գործադիր իշխանության նոր պաշտոնում։ Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարը չպարզաբանեց, թե հատկապես ինչ պաշտոն կզբաղեցնի Երիցյանը։
Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմինը նախօրեին որոշում էր կայացրել Երեւանի քաղաքապետի առաջադրման հարցում։ Երեւանի նոր քաղաքապետ է ընտրվել «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը։ Որոշվել էր նաեւ որ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի փոխարեն կնշանակվի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, իսկ ֆինանսներ նախարար՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը։ Այսօր պաշտոնանակ է արվել նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը։ Համաձայն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ նա լուրջ ֆինանսական խարդախություններ է թույլ տվել, որոնք բացահայտել է Վերահսկիչ պալատը։





























