Հայաստանի 2018թ. բյուջեի նախագիծը պատրաստողները մազոխիստական մոտեցում են դրսեւորել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2018թ. բյուջեի նախագծի քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ նվազեցվել են կրթության, առողջապահության ծախսերը, մինչդեռ պետք է ավելացվեին:

«Վստահ եմ կոռեկտությանս հետ կապված կասկածներ չկան, ուստի խնդրում եմ որեւէ մեկին չկանխագուշակել ընդդիմության մոտեցումները: Փառք Աստծո, այսօր խորհրդարանում ունենք այնպիսի ընդդիմություն, որը երազում է ամուր, կանգուն, հզոր Հայաստանի Հանրապետության մասին: Հիմնավորում չէ, որ եթե ընդդիմություն է, ուրեմն պետք է դեմ քվեարկի 2018թ. բյուջեի նախագծին: Ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ քվեարկելու, հիմնավորումները տարբեր ձեւերով բերվում են»,-ասաց նա:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով, միայն արհեստականորեն դեմ քվեարկողների բանակ ձեւավորելու ցանկություն ունեցող կառավարությունը կարող էր առնվազն կարեւորագույն երեք կետով նվազեցնել դրամական ծախսերը, որպեսզի քննադատության տեղ ստեղծի. «Թվում է՝ մազոխիստական ինչ-որ մոտեցում է եղել կառավարության կողմից, բյուջեն պատրաստողների կողմից, որպեսզի կպնելու տեղ լինի, որ դեմ քվեարկողներ լինեն, քննադատողներ լինեն: Նվազեցրել են կրթության, առողջապահության ծախսերը, ախր գոնե սիմվոլիկ պետք էր էստեղ ավելացում տալ, ոչ թե նվազեցում, որ գոնե խոսելու տեղ չլինի»:

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:

2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին: