Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը պետք է ներկայացներ Սփյուռքի նախարարությունը:

«Պետք է հասկանալ՝ այս նախագծով ինչ նպատակ ենք հետապնդում. մենք գումար ենք հավաքագրո՞ւմ, թե՞ ուզում ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան: Պատահական չէ, որ Սփյուռքի նախարարությունն է սա բերելիս եղել: Իհարկե, կարող ենք պաթոսախեղդ արտահայտություններ անել, բայց ակնհայտ է, որ մեր հայրենակիցներին վերադարձնելու խնդիր ունենք ու շարունակում ենք ունենալ: Կարծում եմ՝ սիմվոլիկ չէ, որ այս օրենքը Սփյուռքի նախարարությունն էր բերել եւ պետք է շարունակեր բերել Սփոյռւքի նախարարությունը»,- այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Մանե Թանդիլյանը:

Պատգամավորը մտահոգություն ունի, որ եթե սա Պաշտպանության նախարարության եւ մի քանի պատգամավորների նախաձեռնությունն է, նշանակում է՝ շարունակություն չի ունենա եւ կդադարեցվի:

Նշենք, որ այս օրենքի նախագծով առաջարկվում է «2015թ. մայիսի 1-ը» բառերը փոխարինել «2017թ. դեկտեմբերի 1-ը» բառերով: Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամաբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու եւ կամ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից իր տարկետման իրավունքը ձեւակերպելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի 2 հարյուրապատիկի չափով գումար: