Որոշակի սոցիալական շփումների ընթացքում աֆրիկյան փղերի ձայներն աստիճանաբար նմանվում են իրար։ Գիտնականների կարծիքով՝ ձայնային այսպիսի մերձեցումը կարող է օգնել կենդանիներին՝ համակարգելու խմբի գործողությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Աֆրիկյան սավաննայի փղերը (Loxodonta africana) ապրում են բարդ սոցիալական խմբերով և ակտիվորեն շփվում են ցածր հաճախականության ձայներով՝ դղրդոցներով, որոնց մի մասը մարդու լսողության տիրույթից ցածր է։ Նման ազդանշանների մոտ 60 տոկոսը փղերն արձակում են միաժամանակ. երկու կամ ավելի կենդանիների ձայներ միախառնվում են՝ ստեղծելով յուրօրինակ «երգչախմբային» հնչողություն։
Սա առավել հաճախ լինում է ակտիվ շփումների, օրինակ՝ բաժանումից հետո հանդիպելու ժամանակ։ Սակայն այս ազդանշաններն ուսումնասիրելը հեշտ չէ. երբ մի քանի կենդանի միաժամանակ է ձայն հանում, յուրաքանչյուրի ձայնի առանձնահատկությունները տարբերակելը գրեթե նույնքան բարդ է, որքան աղմկոտ հավաքույթի ժամանակ առանձին զրույցներ հասկանալը։
Սառա Քինն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են 39 ընտանիքի պատկանող 84 վայրի փղի առանձին ու խմբակային ձայների 902 ձայնագրություն։ Դրանք արվել էին Քենիայի Ամբոսելի ազգային պարկում՝ 1986-ից մինչև 2022 թվականը։ Հետազոտողները կիրառել են մեքենայական ուսուցման մեթոդներ, որոնք թույլ են տվել միախառնված ազդանշանը վերլուծել ամբողջությամբ։
Գիտնականները, կախված իրավիճակից, ձայները բաժանել են վեց տեսակի։ Որոշ ազդանշաններ փղերն օգտագործում են, երբ միմյանցից հեռու են և փորձում են կապ հաստատել։ Մյուսներն ուղղված են խմբին առաջ շարժվելու դրդելուն։
Կան նաև ազդանշաններ, որոնք հնչում են սնվելու, հանգստանալու կամ դանդաղ տեղաշարժվելու ժամանակ, ինչպես նաև էգերի կողմից ձագերին ուղղված ձայներ։ Առանձին տեսակներ բնորոշ են մերձավոր ցեղակիցներին ողջունելուն և բաժանումից հետո ավելի տևական հանդիպման արարողություններին։
Պարզվել է, որ ձայնային (ակուստիկ) հատկանիշներով հնարավոր է որոշել ինչպես առանձին, այնպես էլ խմբակային ազդանշանի սոցիալական ենթատեքստը։
Ավելին, առանձին հնչող ձայների հիման վրա վարժեցված համակարգչային մոդելը կարողացել է հասկանալ ենթատեքստը նաև միախառնված ազդանշանների դեպքում։ Սա վկայում է այն մասին, որ կան կոնկրետ իրավիճակներին բնորոշ ընդհանուր ձայնային առանձնահատկություններ, օրինակ՝ այն հաճախականությունների տարբերությունները, որոնցում կենտրոնացած է ձայնի հիմնական ուժգնությունը։
Սակայն ամենահետաքրքիր արդյունքն այլ էր. ազդանշանների փոխանակման ընթացքում փղերի ձայներն ակուստիկ տեսանկյունից աստիճանաբար ավելի նման էին դառնում։ Դա հատկապես ակնհայտ էր կոնտակտային, ողջույնի և ավելի «չափավորված» ազդանշանների փոխանակման ժամանակ։
Կոնտակտային և «չափավորված» փոխանակումները հաճախ լինում են այնպիսի իրավիճակներում, երբ մի քանի կենդանի պետք է համաձայնեցնի իր հետագա անելիքները։ Ուստի հետազոտողները ենթադրում են, որ ձայնային հատկանիշների աստիճանական մերձեցումը կարող է օգնել փղերին՝ ողջ խմբի վարքագիծը համակարգելու գործում։



























