Գագիկ Ծառուկյանը սրան-նրան հացից զրկելով, պետության միջոցների հաշվին չի դարձել դղյակատեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Պարոն Պետրոսյան, նախորդ նիստին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կոշտ քննադատեցին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ շեղվելով օրակարգային հարցերից: Մինչ այդ պատգամավորները շատ մեղմ դիրքորոշում ունեին կառավարության եւ վարչապետի գործունեության նկատմամբ: Ձեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» շա՞հը ստիպեց այդպես գրոհել վարչապետի վրա, թե՞  նոր քաղաքական գործընթաց է սկսվել ԲՀԿ-ում:

Սա հասարակության նկատմամբ հերթական ուշադրությունից մեկն էր: Կա պետական, քաղաքական ու հասարակական օրակարգ, մենք չենք կարծում, որ պետք է այդ օրակարգերը իրարից տարանջատել: Կար խնդիր, մարդիկ ԱԺ դարպասները կոտրում են, ոչ մեկին չի հետաքրքրում: Ես մոլի շահերի պաշտպանը չեմ, պաշտպանում ենք մանր ու միջին բիզնեսով զբաղվողների շահերը, եթե նկատել եք՝  մենք ոչ «Առինջ մոլի» անունն ենք տվել, ոչ էլ:

Երբ ամիսներ առաջ՝ ամռանը, Ֆիրդուսի շուկայի առեւտրականներին էին վտարում շուկայից եւ նրանք բողոքում էին, ինչո՞ւ չպաշտպանեցիք նրանց:

Այդ ժամանակ ամառ էր, ամառային շրջան էր հնարավորություն չենք ունեցել քննարկում ծավալել, արտահերթ նիստ հրավիրել: Իսկ էստեղ բացահայտ ցինիզմ էր,  անձնական խուզարկության են ենթարկում մարդկանց: Քննիչից բացի, էն էլ քրեական գործի շրջանակում, որեւէ մեկը իրավունք չունի խուզարկել որեւէ մեկին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը տարակուսել էր,  որ դղյակների մասին բարձրաձայնում են դղյակատերերը: Ծառուկյանը դղյակներ չունի՞, որ վարչապետի դղյակը թիրախավորեցիք:

Ծառուկյանը իր դղյակները չի ստեղծել սրան-նրան հացից զրկելով, մեքենայի տակ գցելով, կայացած բիզնեսմեն է, պետության միջոցների հաշվին չի  դարձել դղյակատեր:

Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում  հայտարարել էր օդում կախված չմուծած հարկերի մասին...

Կասկած հայտնելը ուրիշ է, բայց մեղադրանք առաջադրելը ուրիշ է: Եթե Ծառուկյանը իրավապես հարկեր չէր վճարել, ինչու ստուգումների արդյունքում չբացահայտվեցին դրանք: Ինձ վարչապետի ունեցվածքը չի հետաքրքրել: Մենք ձեռնամուխ ենք եղել փոքր ու միջին բիզնեսի պաշտպանությանը, ինչը «Ծառուկյան» դաշինքի 15 կետերից մեկն է եղել: Ով կհայտնվի վարչական մարմինների թիրախում, մենք կպաշտպանենք:

«Առինջ մոլի» առեւտրականների ցույցին զուգահեռ ԵՊՀ-ում ուսանողներն էին դասադուլ  ու հացադուլ անում,  նրանք հասարակության մաս չե՞ն, ինչու մեկ անգամ չփորձեցիք հանդիպել, հասկանալ՝ ինչ են պահանջում, չէ՞ որ դուք էլ, ինչպես ՀՀԿ-ն, նրանց կարծիքը հաշվի չառնելով՝ կողմ էիք քվեարկել խնդրահարույց օրինագծին:

 Առեւտրականների խնդիրը քանի ամիս է՝ շարունակվում է, իսկ ուսանողները մի քանի օր էր... Համ էլ հո մենք ամեն ակցիայի չենք գնալու մասնակցենք: Մենք պետք է ներքին համոզմունք ունենանք, որ կոնկրետ շահ է ոտնահարվել: Մենք չենք կարծում, որ ուսանողների շահը ոտնահարվել է եւ կողմ ենք քվեարկել: Չենք ասում     բյուրեղյա նախագիծ է, բայց եթե թիրախային դրույթներին կողմնակից ենք, ինչի՞ նման կլիներ կողմ քվեարկեինք, բայց իրենց կողքը կանգնեինք: Մարդը պետք է ներքին համոզմունք ունենա, որ շահ է ոտնահարվել:

Ի՞նչ կասեք այն տեսակետի մասին, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առանց իշխանության հետ համաձայնեցնելու չէին գրոհի վարչապետի վրա:

Մենք միշտ էլ կոշտ դիրքորոշում ենք հայտնել, ինքնանպատակ չպետք է լինի, կա քննադատություն, որ պետք է մեղմ լինի, կա քննադատություն, որ պետք է կոշտ լինի: Սա մեր արձագանքն է ժողովրդի զայրույթը հարուցած խնդրին: Եթե իշխանության հետ համագործակցող լինեինք, այդ ապօրինությունները չէին լինի Ծառուկյանի «Առինջ մոլում»: 

Մեկնաբանություններ կան, որ 2018-ին ընդառաջ ՀՀԿ-ն ներկուսակացական շահերից ելնելով է ձեր խմբակցությունը ստանձնել  Կարեն Կարապետյանին քննադատելու գործառույթը:  Ի՞նչ կասեք այս մասին:

Մենք պարտավոր չենք  բոլոր կարծիքների հետ հաշվի նստել: Եթե այստեղ պայմանավորվածություն կա, ինչու պետք է գրոհեին Ծառուկյանի մոլի վրա: Մենք ընդդիմադիր  ուժ ենք եւ մեր հետաքրքրության  շրջանակում չեն ներիշխանական տարաձայնությունները: