Վարչական դատարանի դատավորների թիվը կնվազի 3-ով, իսկ Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների թիվը կավելանա 3-ով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» եւ «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
«Վարչական վերաքննիչ դատարանն աշխատում է գերծանրաբեռնված: Եթե այսօր վերաքննիչ բողոք ընդունվի, նիստ կնշանակվի 2019թ. հուլիսին: Սա պայմանաբորված է այն հանգամանքով, որ 2010թ.-ին Վարչական դատարանն ուներ 16 դատավոր, հետո նրանց թիվն ավելացավ 10-ով ավելացավ, մինչդեռ Վարչական վերաքննիչ դատարանում մնաց ընդամենը 6 պատգամավոր: Մենք չենք կարողանում ապահովել մարդու արդար դատաքննության իրավունքը: Այդ պատճառով մենք առաջարկում ենք Վարչական վերաքննիչում դատավորների թիվն ավելացնել 3-ով, իսկ Վարչական դատարանի դատավորների թիվը կրճատել 3-ով»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Փոխնախարարը նշեց, որ Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն էլ թեթեւացնելու համար առաջարկվում է հեշտացնել գործերի քննության ընթացակարգերը:



























