«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքացիներին կոչ է անում երեքշաբթի օրը` դեկտեմբերի 21-ին, իրենց մեքենաներով մասնակցել Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Արմավիրում ԱՊՊԱ-ի գործող օրենքի եւ դրանում ամրագրված անընդունելի պայմանների դեմ ուղղված ավտոերթերին:
«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում այն կմեկնարկի ժամը 16.00-ին Բրազիլիայի հրապարակից («Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ): Ավտոերթը Երեւանում կրելու է զանգվածային միջոցառման բնույթ, եւ դրա մասին իրազեկվել է քաղաքապետարանը, ինչն ընդունել է ի գիտություն: Պտույտ գործելով քաղաքի կենտրոնով` ավտոերթը կավարտվի Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի առջեւ:
Գյումրիում ավտոերթը կմեկնարկի ժամը 16:00-ին Սախարովի անվ. հրապարակից (58 թաղ.-ի խաչմերուկ):
Վանաձորում ավտոերթը կմեկնարկի ժամը 16:00-ին Բազում թաղամասի ավտոբուսի վերջին կանգառից:
Արմավիրում ավտոերթը կմեկնարկի ժամը 14:00-ին քաղաքապետարանի հարակից հրապարակից:
Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Արմավիր քաղաքներում բողոքի ավտոերթն ավարտելուն պես` մասնակիցների անունից կառավարությանը կհանձնվի քաղաքացիական պահանջագիր:
Ավտոերթի նպատակն է Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանություններից պահանջել վերանայել ԱՊՊԱ օրենքը, հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը, վերանայել ապահովագրման պայմանները` հաշվի առնելով բնակչության մեծ մասի սոցիալական ծանր վիճակը:
Դեկտեմբերի 21-ին «Ժառանգությունը» ավտոերթ է անցկացնելու Հայաստանի 4 քաղաքներում




























