Հայ ազգային կոնգրեսը չի մեկնաբանում «Ժառանգություն» կուսակցությունում կատարված գործընթացները, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչներին կոչ է անում չդիմել հապշտապ եզրակացությունների: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Ժառանգությունը» վարչության նիստ էր հրավիրել եւ շարքերից վտարել ԿԸՀ-ում ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին, փոխնախագահ Մովսես Արիստակեսյանին եւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին՝ նրանց մեղադրելով «ՀԱԿ գործակալ լինելու մեջ»:

NEWS.am-ի հարցին, թե «Ժառանգությունում» կատարվածն ինչպիսի ազդեցությււն կունենա քաղաքական դաշտի վրա, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք շատ ավելի կարեւոր խնդիրներ կարող ենք քննարկել: Մենք հիմա նախապատրաստվում ենք սեպտեմբերի 18-ի հանրահավաքին: Եւ այս ֆոնին չարժե մեր ուշադրությունը շեղել մանր հարցերի վրա»

Ի դեպ, Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, որ եթե ՀԱԿ-ը համագործակցի Զոյա Թադեւոյանի եւ մյուս հեռացվածների հետ, կապացուցի իր եւ նրանց կապը:

Լեւոն Զուրաբյանը չբացառեց համագործակցությունն այդ անձանց հետ՝ հիշեցնելով ՀԱԿ հռչակագիրը, որում նշված է, թե կոնգրեսը բաց է բոլորի առջեւ, ովքեր պատրաստ են պայքարել սահմանադրական կարգի վերականգնման համար: