Հանրապետության երեք մարզերում եւ Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 17-ին տեղի են ունեցել Հայ ազգային կոնգրեսի համաժամանակյա ակցիաները՝ նվիրված քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Բողոքի գործողություն–ցույցերն անցկացվել են Ապարանում, Մասիսում, Մարտունիում եւ Երեւանում։
Երեւանյան ակցիան կայացել է գլխավոր դատախազության առջեւ։
Մասիսի կենտրոնական հրապարակում մինի հավաքն անցել է առանց միջադեպերի: Մասիսից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ միջոցառմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԺՈՒԿ նախագահ Վարդան Գրիգորյանը, ինչպես նաեւ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանը հայրը՝ Սարգիս Քլոյանը:
ՀԱԿ ներկայացուցիչները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին, անդրադարձել իշխանությունների գործելակերպին, Երեւանի նոր քաղաքապետի ընտրությանը:
«Վիրավորական է, երբ քաղաքապետի ընտրությունը կանգնում է մեկի վրա, ով երեւանցի չէ: Չեմ ուզում կրկին սեպ խրել երեւանցի եւ ղարաբաղցի հասկացություների միջեւ, սակայն իրողությունն այս է»,-իր ելույթում հայտարարել է Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ նախկին «գողական» քաղաքապետին փոխարինելու է եկել մեկը, ով նույնպես «կլպելու» մեծ փորձ ունի:
Գոռ Քլոյանի հայրն էլ հայտարարել է, թե պետք է այցելեր իր որդու գերեզմանին, սակայն հարկ է համարել ներկա լինել հանրահավաքին, քանի որ քաղբանտարկյալների ազատ արձակումը օրակարգային է: Նա նաեւ մասիսցիներից խնդրել է աջակցել զոհերի հարազատներին, որպեսզի ի հայտ բերվեն եւ պատժվեն մարտի 1-ի սպանդի հեղինակները:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարել է, թե ՀԱԿ-ի շարքերը, ի տարբերություն իշխանության, առաջվա պես կուռ են: «Եթե որեւէ մեկը կարծում է, որ Գագիկ Բեգլարյանին պատժել են ինչ-որ մեկին ծեծելու համար, ապա սխալվում է: Քայքայում է սկսվել իշխանության ներսում եւ դրա դրսեւորումներից մեկն էլ Բեգլարյանի պաշտոնանկությունն էր»,- նշել է նա:
Ապարան քաղաքում ՀԱԿ ներկայացուցիչներ, նախկին քաղբանտարկյալներ Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների, Վարդան եւ Մյասնիկ Մալխասյանների, Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, Գուրգեն Եղիազարյանի գլխավորությամբ` երթով շարժվել են դեպի Ապարանի Զոհված ազատամարտիկների հուշարձան եւ հարգել զոհվածների հիշատակը: Մյասնիկ Մալխասյանն ու Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը հուշարձանի մոտ երդվել են, որ իրենց պայքարը հաղթական ավարտ է ունենալու: Այնուհետ ՀԱԿ ներկայացուցիչները երթով շարժվել են դեպի Ապարանի հուշահամալիր, որտեղ եւ ոչ զանգվածային միջոցառում են անցկացրել:





























