Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Մ. Գրիգորյանը 2010թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, վարելով ՀՀ ԱԱԾ-ում հաշվառված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, այն կանգնեցրել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում՝ հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմասում:

ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ՃՊԾ տեսուչներ Ա. Բեկլարյանը, Հ. Սուքիասյանը եւ Դ. Մկրտումյանը ծառայություն կատարելու ժամանակ հայտնաբերել են խախտումը: Դ. Մկրտումյանը բարձրախոսով դիտողություն է արել Մ. Գրիգորյանին եւ պահանջել, որ վերջինս ավտոմեքենան դուրս հանի հանդիպակաց ուղեմասից: Սակայն Մ. Գրիգորյանը վիճաբանել է ոստիկանության տեսուչների հետ եւ չի կատարել նրանց օրինական պահանջները, այն է՝ չի ներկայացրել ավտոմեքենայի տեխանձնագիրը եւ վարորդական իրավունքի վկայականը, վիրավորել նրանց:

Ըստ նախաքննության տվյալների՝ Մ. Գրիգորյանին է մոտեցել միջադեպին ականատես, ոստիկանության՝ Արարատի մարզային քննչական բաժնի քննիչ Ս. Նազարպուրը՝ փորձելով կանխել միջադեպի հետագա զարգացումը: Սակայն Մ. Գրիգորյանը, բռնություն գործադրելով Ս. Նազարպուրի եւ Դ. Մկրտումյանի նկատմամբ, դիմել է փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա իրենց ծառայողական պարտականությունները կատարող, ոստիկանության աշխատակիցների՝ Դ. Մկրտումյանի եւ Ս. Նազարպուրի նկատմամբ բռնություն գործադրելու համար Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: