«Ժառանգություն կուսակցության անդամները ինձ համար այն մարդիկ են, որոնց ճանաչել եմ հատկապես մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եւ տեսել եմ, թե ինչպես են նրանք պաշտպանում մարդու իրավունքները եւ շահերը»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքերով, յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է ձեւացնել, որ ինքը ընդդիմություն է, սակայն ընդդիմությունը այն է, որ ձգտում է Հայաստանում հաստատել ժողովրդավարական ինստիտուտներ։
Քաղաքական գործիչը ցավում է, որ «Ժառանգությունը» կարող է դադարեցնել իր ընդդիմադիր գործունեությունը։
«Ժառանգություն կուսակցությունը» ժամանակին միավորվել է վառ առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը, որը ժողովրդավարական սկզբունքներից ելնելով՝ զիջել է իր տեղը։ Սակայն ստացվում է այնպես, որ երկրորդ անձնավորություն չկա, որի շուրջը կարող են միավորվել մնացածները, եւ կուսակցությունը տրոհվում է",-ասաց նա ու հավաստիացրեց, որ ՀԱԿ-ը «Ժառանգության դեմ որեւէ գործողություն չի ձեռնարկել։
»Երբ հալածվում էին «Ժառանգություն» կուսակցության անդամները՝ մեր կուսակցության անդամները իրենց մեկնաբանություններում փորձում էին պաշտպանել նրանց, որովհետեւ, ի տարբերություն «Ժառանգություն» կուսակցության, որը փորձում է այս երկրում անօրինականությունները կանխել, ՀՀԿ-ն այսօր մի կլան է, որտեղ մարդիկ մտնում են ընդհանուր շահ ունենալու համար",-եզրափակեց Իգիթյանը։




























