Ավստրիայում Թուրքիայի դեսպան Քադրի Էջվետ Թեզջանը հարցազրույցներից մեկում մեղադրել է ավստրիական իշխանություններին միգրացիոն քաղաքականության խստացման եւ թուրք ներգաղթյալների առջեւ խոչընդոտներ ստեղծելու մեջ։ «Ավստրիայում թուրքերին վերաբերում են ինչպես վարակի, իսկ տեղական իշխանությնունները ոչինչ չեն անում, որպեսզի օգնեն 250 հազար թուրք ներգաղթյալներին»: Այս մասին հայտնում է regions.ru-ն։
Դիվանագետը նաեւ նշել է, որ տեղի բնակիչները չեն ցանկանում գլխաշորերով կանանց տեսնել։ «Սակայն գլխաշորերի մեջ անօրինական ոչինչ չկա։ Ամեն մեկն իրավունք ունի որոշել, թե ինչ կրի իր գլխին»: Բացի այդ, դեսպանը նշել է, որ եթե Վիեննայում չլինեին ՕՊԵԿ-ի եւ ԵԱՀԿ-ի գրասենյակները, ինքը մեկ օր անգամ չէր մնա Ավստրիայում։
Ավստրիացի քաղաքական գործիչների արձագանքը չի ուշացել։ Խորհրդարանի պատգամավոր Էվալդ Շտադլերի կտրուկ ելույթը մեկ անգամ չէ, որ ընդհատվել է ծափահարություններով։
Շտադլերը, մասնավորապես ասել է. «2008 թվականին Թուրւքիայում սպանվեցին մի քանի քրիստոնյա հոգեւորականներ։ Դուք ի՞նչ ասեցիք այդ ժամանակ. «Պահ, ի՞նչ է եղել որ»: Նման արձագանքի էլ ձեզանից սպասում էի։ Ազատ դավանանքի մասին ձեր խոսակցությունները երկերեսանիություն են։ Եթե կաթոլիկ արքեպիսկոպոսին գլխատում են, դուք լռում եք։ Ոչ ոք ոչ մի անգամ չի հարձակվել ձեր իմամների վրա, իսկ ձեր երկրում նման դեպքերն անընդհատ կրկնվում են։ Դրա վրա ուշադրություն դարձրեք, պարոն դեսպան:
Դուք դժգոհ եք, որ թուրքերը դժվար են ինտեգրվում։ Բայց մենք չենք խնդրում մեզ մոտ ուղարկել Անատոլիայի անգրագետ մարդկանց։ Ձեր միջնադարյան մտածելակերպով իսլամիստները մեզ պետք չեն»:





























