Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը բանակցություններ է վարել Միխայիլ Սահակաշվիլիի հետ, որը ժամանել էր Ուկրաինա, սակայն այդ այցի մասին նախապես հանրությանը չէին տեղեկացրել:

Այդ մասին հաղորդել է Վրաստանի փոխվարչապետ եւ եվրինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն:

«Նրանք հանդիպել են Ուկրաինայում, որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել»,- ասել է նա ուկրաինական «Էքսպերտ» հանդեսին:

Ըստ Բարամիձեի, Թբիլիսին ակնկալում է Կիեւի օգնությունը Մոսկվայի հետ բանակցություններում:

«Մեր տարածքի 20 տոկոսն օկուպացված  է Ռուսաստանի կողմից, որը շարունակում է ապօրինի ռազմական գործողություններ իրականացնել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Այդուհանդերձ, մենք փորձում ենք երկխոսություն իրականացնել Մոսկվայի հետ Ժնեւյան բանակցությունների շրջանակներում, բայց, ցավոք, ոչ արդյունավետ: Ուկրաինան, մեր կարծիքով, կարող է բանակցող լինել այդ հարցում»,- պարզաբանել է Բարամիձեն: