Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության երեւանի քննչական վարչության ավագ քննիչը դիմել էր Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ավագ քննիչը դատարանին միջնորդում էր, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի Տարոն Խաչատրյանի եւ Մհեր Համբարձումյանի նկատմամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմեն Խաչատրյանը դռնփակ դատական նիստում բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը: Նիստից հետո կալանավորվածները տեղափոխվեցին «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 13:30-ի սահմաններում Երեւանի Մովսես Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ եւ Որդիներ» ոսկու շուկայի մոտ նրանք կողոպտել էին 31-ամյա Լուսինե Մանուչարյանին, խլել էին նրա պայուսակը եւ դիմել փախուստի: Պայուսակում եղել էին արծաթյա եւ ոսկյա կանացի զարդեր՝ 1 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ: Տիգրան Մեծի 12 շենքի մոտ վրա էր հասել ոստիկանության Երեւանի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Մանվել Հակոբյանը, ով էլ վնասազերծել էր կողոպտիչներից մեկին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով):
Տարոն Խաչատրյան
Մհեր Համբարձումյան
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























