Լուրերն այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր հայտարարելու է կոալիցիայից դուրս գալու մասին, չեն համապատասպանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Նա նշեց, որ մամուլում այդ մասին հրապարակումները  որոնշ մարդկանց մտքի թռիչքի արդյունք է: «Իսկ թե ո՞ր կենտրոնից են այդ լուրերը գալիս՝ չեմ կարող ասել»,- նկատեց Գալստյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ քվոտայով նախարարների հնարավոր պաշտոնանկությանը,  ապա, Գալստյանի խոսքով, նման բան եւս չի քննարկվում: «Մեզ համար պաշտոնն ինքնանպատակ չէ: Մենք էլ այս տարվա ընթացքում, երբ որ անհրաժեշտ է եղել, նման կադրային տեղաշարժեր իրականացրել ենք: Եւ մենք կառավարությունում տեղի ունեցող բոլոր կադրային տեղաշարժերը դիտարկում ենք անհրաժեշտության համատեքստում»,- ասաց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը:

Նա նաեւ հերքեց լուրն այն մասին, թե երեկ  մինչեւ ուշ գիշեր ԲՀԿ-ն ժողով է արել եւ քննարկել կոալիցիայից դուրս գալու հարցը: «Որեւէ նման միջոցառում տեղի չի ունեցել: Եւ երբ թերթերից մեկի լրագրողի զանգերին չեմ պատասխանել, դա չի նշանակում, որ ԲՀԿ-ն քննարկում է կոալիցիայից դուրս գալու հարցը: Եւ հետո՝ հանգստի ժամին՝ գիշերվա 11-ին չի կարելի խանգարել մարդկանց»,- նշեց Գալստյանը: