Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը համառորեն չի ասում, թե ինչն է եղել իր պաշտոնանկության պատճառը: «Բավարարվեք պաշտոնական հաղորդագրությամբ, էլի, ի՞նչ մեկնաբանեմ»,- NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Խաչիկյանը՝ հավելելով, որ «հիմա նպատակահարմար չեմ գտնում հայտնել իրական պատճառները»: «Վեց տարի աշխատել ենք, հիմա էլ ուզում ենք հանգստանալ: Մենք հիմա պաշտոնատար անձ չենք, կարող ենք մի քիչ էլ, որպես քաղաքացի չմեկնաբանել, չպատասխանել հարցերին»,- իր մասին հոգնակի թվով խոսեց Խաչիկյանը՝ հավելելով, որ մեզ հուզող հարցերով իրեն պետք է դիմեինք այն ժամանակ, երբ դեռ պաշտոնյա էր:
Նա նույնքան համառորեն չպատասխանեց այն հարցին, թե արդյոք նշանակվելու է այլ պաշտոնի: «Էլի չենք մեկնաբանում»,- հայտարարեց պաշտոնանկ արված պաշտոնյան, ով, ի դեպ, ըստ տարբեր աղբյուրների, պաշտոնակությունից հետո բոլոր հնարավոր տեղերում հայտարարում է, թե իրեն ավելի «ուժեղ պաշտոնի» են տանում:
ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն, ի դեպ, մասնակցում է արդեն մեկնարկած ՀՀԿ համագումարին եւ դատելով ձայնից՝ իրեն առանձնապես ընկճված չէր զգում:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Խաչիկյանի պաշտոնանկությունը կապված է նրա ղեկավարած կառույցում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների եւ հայտնաբերված չարաշահումների հետ: Չարաշահումները կապված են եղել մահացած անձանց թոշակ հատկացնելու հետ:





























