Վերջին տասնամյակում Հայաստանում գրանցվել է տնտեսական կայուն աճ, որն ուղեկցվել է աղքատության կրճատմամբ: Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներում: Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում իր գործունեության հիմնական նպատակադրումները եւ ՀԲ խմբի անդամ հանդիսացող Միջազգային զարգացման ասոցիացիայի (IDA, The International Development Association) կողմից իրականացված ծրագրերի ամփոփ արդյունքները:

Մասնավորապես, ըստ ՀԲ-ի՝ 1999թ. աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 56 տոկոսը, 2004թ.` 35 տոկոս, իսկ 2007թ. արդյունքներով աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 25 տոկոս: Այս տարիների ընթացքում երկրում աղքատության հաղթահարման ծրագրերի մշակման, ինչպես նաեւ պետության կողմից իրականացվող մի շարք սոցիալական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ՀԲ-ն Հայաստանին տրամադրել է ավելի քան 650,000 դոլար, որի շուրջ երկու երրորդը տրամադրվել է վերջին հինգ տարիների ընթացքում:

Մեր երկրում շուկայական տնտեսության կայացման եւ տնտեսական ակտիվության ձեւավորման նպատակով ՀԲ-ն տրամադրել է կառուցվածքային բարեփոխումների հինգ վարկ, որոնցից չորսը տրամադրվել են երկրում աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման նպատակով, իսկ մեկը` որպես զարգացման քաղաքականության վարկ: