Եվրասիական տնտեսական միության միասնական վճարային տարածքը կարող է ստեղծվել մինչեւ 2019 թվականի վերջը: Այս մասին Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմելյովը հայտնել է ԱՊՀ երկրների ազգային վճարային համակարգերի եւ կենտրոնական բանկերի ղեկավարների երկրորդ աշխատանքային հանդիպման արդյունքներով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՎՔԱՀ մամուլի ծառայությունը:

«Յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններն ունի, կարգավորումը, օրենսդրությունը, մշակույթը, եւ աշխատանքային հանդիպման մասնակիցների վճարային համակարգերի ինտեգրացիայի շրջանակում ինչ-որ հարցեր մենք պետք է նորից որոշենք: Սակայն ծրագրում ենք ԵՏՄ երկրների միասնական վճարային տարածքի ստեղծումն ավարտել մինչեւ 2019-ի տարեվերջը»,- ասել է Կոմելյովը:

Ռուսաստանի Բանկի ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան իր հերթին հանդիպման արդյունքներով նշել է, որ նրա մասնակիցներն արդեն բազմակողմանի համաձայնագիր են  պատրաստել ԵՏՄ վճարային համակարգերի գործունեության հսկողության եւ դիտարկման ոլորտում: Նա հույս է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի 2018-ի առաջին կեսին: