Վանաձորցի դերասանուհի Արմինե Վերմիշյանը ահազանգում է. քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող աղբարկղերում վերջին օրերին պարբերաբար շան ձագեր է տեսնում, որոնց տերերը բերել ու գցել են հենց աղբարկղը՝ տարատեսակ աղբի մեջ:

Դերասանուհին, որը չափազանց կենդանասեր է, այլեւս չի կարողանում հավաքել, սովից ու ցրտից փրկել այն բոլոր շան ու կատվի ձագերին, որոնք տարբեր պատճառներով հայտնվում են աղբարկղերում:

Վերջին երեք-չորս օրերի ընթացքում նա քաղաքի կենտրոնական հատվածների աղբարկղերում տեսել է անօգնական վիճակում գտնվող շուրջ 10 շան ձագերի: Նրանցից երկուսին Արմինեին հաջողվել է փրկել ու տուն տանել: Սակայն, ինչպես ինքն է ասում, աղբարկղը նետված բոլոր ձագերին տուն տանել չի կարող:

Սառնամանիքի ճիրաններում հայտնված անտեր շան ձագերին փրկելու համար Արմինեն ֆեյսբուք սոցիալական ցանցով դիմել է կենդանասերների օգնությանը, խնդրելով իրեն օգնել գոնե ժամանակավորապես կենդանիներին խնամելու համար:

Հրապարակային խնդրանքն արվել է առավոտյան: Հրապարակումից մի քանի ժամ անց՝ Արմինեն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ցավով նշեց, որ առայժմ վանաձորցիներից եւ ոչ մեկը չի արձագանքել իր խնդրանքին: