«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե  Թանդիլյանը կասկածում է, որ  գործող իշխանությունը քաղաքական կամք կդրսեւորի Հայաստան–ԵՄ համաձայնագրի հիմքում ընկած դրույթները կյանքի կոչելու հարցում։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը  շեշտեց, որ այդ փաստաթղթի բացակայությունը չէր պատճառը, որ նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրվեցին կոպիտ խախտումներ ու անօրինականություններ։

«Հայաստանի քաղաքացիները դեռ այնքան ժամանակ չեն զգալու տարբերությունը, քանի դեռ բովանդակային կիրառության մեջ չեն այն հնարավորությունները, որ ընձեռում է այս համաձայնագիրը եւ որոնք հանգեցնելու են փոփոխությունների Հայաստանում: Արդյոք հնարավոր չէր դա անել առանց այս համաձայնագրի։ Այս փաստաթղթի բացակայության պատճառով չէր, որ Հայաստանում ընտրությունները անցան իշխող ՀՀԿ-ի կողմից համատարած ընտրակաշառքի եւ վարչական լծակների կիրառման ազդեցության ներքո: Այս համաձայնագրի բացակայությունը չէր, որ հնարավորություն տվեց ՀՀԿ-ին փակել մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը, դրանով ստորադասելով գործառույթի կարեւորությունը: Այս համաձայնագրի բացակայությունը չէր, որ Զիբիլիքսի, ՍԱՍ-ի եւ 114 դպրոցների գործերը պատշաճ քննության չարժանացան»,–ասաց պատգամավորը։ 

Ըստ նրա, այդուհանդերձ փաստաթուղթը, ըստ էության, թարմացրել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հնացած իրավական պլատֆորմը եւ Հայաստանի ժողովրդավարացման համար տվել հնարավորություններ։

«Մինչդեռ այս փաստաթուղթը ներառում է նաեւ դրույթներ հենց դեմոկրատական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի կայացման մասին: Այդ հնարավորություններից օգտվելու համար Հայաստանի իշխանությունները պետք է դրսեւորեն ցանկություն եւ հետեւողական քաղաքական կամք՝ դրական արդյունքի հասնելու համար: Միայն ստորագրելը բավարար չէ: Անցյալի փորձը ցույց է տալիս, որ երբ գործը հասնում է քաղաքական կամքին, ապա ձեւը գերակայում է բովանդակությանը, եւ բովանդակային փոփոխություններ, որոնք կբերեն մեր քաղաքացիների կյանքում իրական փոփոխություններ, տեղի չեն ունենում»:

 Պատգամավորի խոսքով,  այս փաստաթուղթը էականորեն տարբերվում է նախկին չստորագրված համաձայնագրից, ինչն արդեն նշանակում է, որ չի երաշխավորելու քաղաքացու բարեկեցությունը;

«Միեւնույն ժամանակ պետք է հստակ հասկանալ, որ այս համաձայնագիրը հեռու է Ասոցացման եւ Ազատ Առեւտրի համաձայնագրերի փաթեթից, եւ չի պարունակում տնտեսական այնպիսի կարգավորումներ, որոնք էականորեն կարող են ազդել մեր քաղաքացիների բարեկեցության վրա: Այսքանով հանդերձ, համաձայնագրի ստորագրման փաստը համարում եմ դրական»: